fbpx

Ինչո՞ւ արթնանալ առավոտյան 5–ին

Դե իհարկե, մեզանից շատերը սիրում են շաբաթ կիրակիները, քանի որ կարող են շա՜տ երկար քնել։ Սակայն քչերս ենք գիտակցում, որ վաղ արթնանալը կարող է մեր կյանքը փոխել դեպի օգտակարն ու արդյունավետը։

Ասելով վաղ՝ մենք նկատի ունենք ժամը 6–ը, և՛ անգամ 5–ը։ Էհե՜, ի՞նչ 5 կմտածեք շատերդ։ Դե եկեք ծանոթանանք 5–ի 5 գաղտնիքներին ու միգուցե փոխեք ձեր որոշումը։ Որքան էլ սարսափելի լինի սա պատկերացնելը, կարելի է որպես challenge, փորձել մեկ ամիսը տրամադրել վաղ արթնանալուն և տեսնել արդյոք կան փոփոխություներ։ Դե ինչ, սկսե՞նք։

1․ Վաղ արթնանանալը հնարավորություն է տալիս ճիշտ սնվելու։ 

Մենք գիտենք, թե որքան կարևոր է առավոտյան նախաճաշ անելը։ Իրականում առավոտյան սնունդը կարող է մեզ տալ շա՜տ մեծ էներգիա, որն էլ կօգնի լինենք առույգ և եռանդով լի։ Շատ ուսումնասիրություններ են փաստում նախաճաշի կարևորության մասին։ Առաջնահերթ, նախաճաշը կարևոր է մեր առողջության համար։ 

Այն օգնում է համակենտրոնացմանը և լավ հիշողությանը։ Նախաճաշի շնորհիվ ցածր է հավանականությունը շաքարախտի, սրտի հիվանդությունների և գիրանալու։ Իսկ վաղ արթնանալու շնորհիվ, այլևս պատճառներ չեն լինի ասելու, որ ժամանակ չկա, ուշանում եք աշխատանքից, համալսարանից, դպրոցից կամ էլ այլ վայրից։ Այնպես որ ճանապարհին ուտելու կամ էլ ստամոքսի աղմուկից մարդկանց մոտ անհարմար զգալու փոխարեն, առավոտյան արթնացե՛ք և նախաճաշե՛ք։ 

2․ Վաղ արթնանանալը հնարավորություն է տալիս մարզվելու։ 

Վաղ արթնանալը օգնում է մարդկանց հատկացնել որոշ ժամանակ մարզանքներ անելուն։ Վերջինս շատ կարևոր է առողջ մարմին ունենալու համար։ Առավոտյան արթնանալու շնորհիվ դուք մի քանի քայլով առաջ եք մյուսներից և ունեք ժամանակ մարզվելու, մեդիտացիա անելու կամ էլ անգամ մի քանի ժամով պարելու։ 

Իսկ մարզվելը և անընդհատ ֆորմայի մեջ լինելը երևում է ոչ միայն ձեր արտաքինի վրա, այլ նաև ամենակարևորը ձեր օրգանիզմի վրա։ Բարձր տրամադրությունը, էներգիան և պրոդակտիվությունը կլինեն ձեր մտերիմ ընկերները։

3․ Վաղ արթնանանալը հնարավորություն է տալիս օրը պլանավորելու

Դե իհարկե առավոտյան 5–ին արթնանալու դեպքում կունենաք երկար ժամանակ հասկանալու, թե այդ օրը ինչ պետք է անեք։ Հենց առավոտյան էլ կսկսկեք անել ձեր օրվա ամենակարևոր առաջադրանքները ու կհասկանաք, թե որքան շատ բան եք հասցրել անել մինչև աշխատանքի, ուսումնական կենտրոն կամ էլ այլ վայր գնալը։ 

Իսկ օրը պլանավորելն օգնում է ոչ միայն արդյունավետ կառավարել ժամանակը, այլև առաջնահերթությունը տալ կարևոր առաջադրանքներին՝ կատարելով դրանք ամենատրամաբանական ու արդյունավետ կերպով։ Դուք կարող եք կենտրոնանալ կարևոր առաջադրանքների վրա, քանի որ առավոտյան ոչ ոք ձեզ չի խանգարում։ Դրա շնորհիվ առաջադրանքները կատարվում են արագ ու որակով։ 

4․ Վաղ արթնանանալը հնարավորություն է տալիս նվազեցնելու սթրեսը

Վաղ արթնանալու շնորհիվ, ստամոքսը լիքն է, օրգանիզմը՝ աշխույժ, առաջադրանքներն՝ արդյունավետ կատարված, և այլևս չունեք պատճառ ուշանալու կամ որևէ տեղ շտապելու։

Եվ իհարկե, երբ կան շատ առաջադրանքներ, իսկ ժամանակը անընդհատ թվում է քիչ, վաղ արթնանալն օգնում է կատարել դրանց մեծ մասը որակով և քիչ անհանգստանալու շնորհիվ էլ հեռու մնալ սթրեսից։

5․ Վաղ արթնանանալը հնարավորություն է տալիս լինելու հաջողակ։ 

Վաղ արթնանալու և օրը արդյունավետ կառավարելու շնորհիվ, յուրաքանչյուրը կարող է ընթանալ դեպի իր նպատակների իրականացում։ Օրինակ՝ Թիմ Կուկը (Apple-ի գործադիր տնօրեն) արթնանում է առավոտյան 3։45 առաջնահերթ էլեկտրոնային փոստի նամակներին պատասխանելու։ Այնուհետև գնում է մարզվելու, որից հետո աշխատանքի։

Նա նշում է, որ երբ սիրում ես այն ինչ անում ես, այն երբեք էլ չի ընկալվում որպես աշխատանք։ Իսկ Դիսնեյի գործադիր տնօրեն Բոբ Իգերը արթնանում է առավոտյան 4։30 և կարդում է բոլոր նյութերը մարզվելու, հեռուստացույց դիտելու, էլեկտրոնային փոստի նամակներին պատասխանելու և երաժշտություն լսելու հետ մեկտեղ։ Տեսնո՞ւմ եք, որքան բան կարելի է անել առավոտյան արթնանալու շնորհիվ: Դե ինչ, սկսե՞նք challenge-ը։

Քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինն ասել է․ «Վաղ քնելը և վաղ արթնանալը դարձնում են մարդուն առողջ, հարուստ և գիտակ»։

Դե, եկե՛ք մեկ ամիս փորձենք հետևել այս կանոնին և գրառումներ անելով վայելել առավոտյան արթնանալու հրաշքները։