fbpx

Ծրագրավորում եվ սպորտ

Եթե ձեզ հարցնեին, թե հիմնականում ինչպիսին են լինում ծրագրավորողները, ո՞րը կլիներ ձեր պատասխանը։ Շատերի մոտ կան կարծրատիպեր, որ ծրագրավորողները ապրում են իրենց թվային աշխարհով և նրանց իրականություն բերելու համար անհրաժեշտ են ավտոմեքենաների զիլ ազդանշաններ։ Ոմանք էլ կարծում են, որ ծրագրավորողների առօրյան աշխատանքից տուն է, իսկ սիրելի զբաղմունքը՝ համակարգչի դիմաց նստելը։

Այո՛, շատերն են այդպես մտածում, բայց արդյոք դա համապատասխանու՞մ է իրականությանը։ Մեզ վիճակագրություն էլ հարկավոր չէ ապացուցելու համար, որ այս կյանքում ՇԱՏԵՐՆ են սխալվում։

Իրականում ծրագրավորողները սիրում են պարել, ծիծաղել, սուրճ խմել, խոսել գրականությունից, լուծել տրամաբանական խնդիրներ և խաղալ մաֆիա էլեկտրականության բացակայության ժամանակ։ Ծրագրավորողները սիրում են նաև սպորտով զբաղվել։ 

Եվ գիտե՞ք մեր գրասենյակի ծրագրավորողները զբաղվում են սպորտով և նրանք յուրաքանչյուր երկուշաբթի կազմակերպում են ֆուտբոլային հանդիպումներ։ Իսկ ի՞նչն է նրանց լիցքաթափում և ինչու՞ են սիրում սպորտը։

Իրականում սպորտն ու ծրագրավորումը շատ նմանություններ ունեն։ Կարելի է ասել դրանք ձևավորում են անձի անհատականությունը՝ օգնելով բացահայտել թույլ և ուժեղ կողմերը։ Մեր ծրագրավորողներից մի քանիսը կիսվել են ծրագրավորման մեջ սպորտի կարևորության մասին իրենց կարծիքներով։ 

Մեր գրասենյակի սպորտասեր ծրագրավորողներից մեկը Արենն է, ով իր աշխատասիրությամբ և նպատակասլաց էությամբ շատ հաջողությունների է հասնում։ Նա հաճախել է ֆուտբոլի և գնացել սիրողական շախմատի։

Արեն- Կարծում եմ ֆուտբոլը փիլիսոփայություն է և անգամ կարելի է ասել հոգեբանություն է։ Ֆուտբոլը և ծրագրավորումը նման են նրանով, որ երկու դեպքում էլ, ես կարող եմ բացահայտել ընկերներիս բնավորության գծերը։ Ծրագրավորումը սերտ կապված է Սպորտի հետ, քանի որ երկուսի արանքում էլ ընկած է Պայքարի գաղափարը։ Ֆուտբոլում պայքարում ես հաղթանակի համար, իսկ ծրագրավորման մեջ պայքարում ես նպատակները ճիշտ ժամանակին ի կատար ածելու համար։ Երկուսի մեջ կա կամքի ուժի գաղափարախոսությունը։ Այն, որ եթե ունես կամային հատկանիշներ, ապա հաջողությունը քեզ շատ մոտ է։ 

Մյուս սպորտասերը Վաչեն է, ով այնքան խիզախություն է ունեցել, որ որոշել է թողնել իր բանկի կառավարչի պաշտոնը և սովորել ծրագրավորում 33 տարեկանում։ Նա կարևորում է սպորտը յուրաքանչյուր ոլորտում։

Վաչե- Կարծում եմ սպորտը կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Ծրագրավորողներս անընդհատ նստում ենք համակարգչի դիմաց ու այդպիսով մեր մկանները լարված են լինում օրվա ամբողջ ընթացքում։ Սպորտը հարկավոր է, որպեսզի կարողանանք ավելի թարմ աշխատել: Այն տալիս է ադրենալին, որի շնորհիվ գործն ավելի արդյունավետ է ընթանում։ 

Սպորտասերների սպորտասերը մեր Սամվելն է։ Ծրագրավորող լինելով հանդերձ՝ նա հայտնի է մեր կազմակերպության tik-tok վիդեոներում իր տարբերվող և էներգետիկ խառնվածքով։ Ծանրաբեռնվածությունը նրան չի խանգարում պարբերաբար ընկերների հետ ֆուտբոլ խաղալ։ 

Սամվել- Ծրագրավորման ու սպորտի՝ մասնավորապես ֆուտբոլի հիմքում, ընկած է թիմային խաղը։ Թիմի անդամները կախված են իրարից։ Եթե ամբողջ թիմը գնա իր անհատական ցանկությունների ետևից, ապա այլևս թիմ հասկացողությունը չի լինի և հետևաբար հաջողությունը կլինի երազանք, այլ ոչ թե նպատակ։ Այն թիմը, որը ստեղծում է ծրագրավորումն ու ֆուտբոլը, օգնում է յուրաքանչյուրին հասկանալու իրենց անելիքները և ավելի հաստատակամ գնալու առաջ։ 

Այ հիմա հասկացա՞ք, որ սպորտը նաև ծրագրավորողներն են սիրում։ Էնպես որ կարևոր չէ, թե ինչ է ձեր մասնագիտությունը, էականն այն է, որ առողջությունը ետ բերել չենք կարող։ Այնպես որ մեզ մնում է աշխատելուց բացի, վարել առողջ ապրելակերպ, որի լիիրավ անդամ է ՍՊՈՐՏԸ։ 

All Eyes on YOU, Sport is waiting for YOU