fbpx

ՏՏ ոլորտի մարտահրավերներն ու զարգացումները պատերազմից հետո

 

Պատերազմը մեզ ստիպեց մտածել մի քանի հարցերի շուրջ, որոնք էլ և քննարկել ենք Բիթսքուլի տնօրեն Նելսոն Մամուլյանի հետ։
– Որտե՞ղ ենք մենք այս պահին։ Ի՞նչ խնդիրներ կան ՏՏ ոլորտում, և ո՞րոնք են մեր բացթողումները։

– ՏՏ-ն որպես տնտեսության ցանկալի գերակա ոլորտ մեր երկրում հայտարարվեց դեռևս 15 տարի առաջ։ Եթե երկրի խաղաղ շրջանում մեզ թվում էր, թե ոլորտը հավակնոտ քայլեր է կատարում համաշխարհային տիրույթում (ՏՏ համաշխարհային համաժողով, ՏՏ մասնագետների, ծրագրավորողների աճող քանակ և որակ, ստարտափերի աճի դինամիկա և այլն), ապա ցավոք պատերազմն իրապես թեստավորեց այն, վեր հանելով իրական մարտահրավերները, բացերը, գնահատելով ՀՀ-ի՝ այս ոլորտում հավակնությունների, հնարավորությունների համեմատումը իրականության հետ։ Նույն համատեքստում է նաև ոլորտի կարևորագույն, ռազմավարական բաղադրիչի՝ ռազմարդյունաբերության, վիճակը, որը, ցավոք տնտեսության համար քարշիչ ուժ չի դառնում, մերձավոր-արևելյան մեզ քաջածանոթ երկրի համեմատելի օրինակով։

Մյուս փոխկապակցված խնդիրը, որը նույնպես տասնամյակների դեգերումների պատմություն ունի, դա մեր կրթական համակարգի իներտ, դանդաղաշարժ, ինքնամփոփ վիճակն է, նրա բոլոր մակարդակներում՝ համալսարաններ, քոլեջներ, դպրոցներ, ոչ ֆորմալ կրթություն և այլք։ 

Ի վերջո, գիտության, տեխնոլոգիաների և կրթության եռաչափ մրցունակ համակարգն այդպես էլ չստացանք։

ՏՏ ոլորտում որտե՞ղ ենք մենք և որտե՞ղ է աշխարհը։

Եթե համարենք, որ ՏՏ ոլորտի առաջամարտիկները՝ Սիլիկոնյան հովիտ, աշխարհում հեղինակավոր ընկերություններ, երկրներ, որոնք ասոցացվում են այդկերպ, առաջատար, մրցունակ, գրավիչ կրթական համակարգեր ունեցող երկրներ կամ բրենդային առանձին դպրոցներ/կենտրոններ, գտնվում են Արարատ սարի գագաթում, ապա մենք դեռևս մագլցում ենք լեռը՝գտնվելով լանջի կեսերում (հեղ․- սա իհարկե՝ փոխաբերական)։
Իրականում հավակնության բանաձևը տարիների ընթացքում հստակ ենք ձևակերպել, բայց դրա իրականացման, և առավել ևս մեր հնարավորությունների և ռեսուրսների գնահատման մեջ խնդիրներ ունենք։

Ի՞նչ պետք է փոխենք հենց հիմա։ Ինչի՞ց պետք է սկսել։

Մտածելակերպի, աշխատելաոճի կտրուկ փոփոխություն է պետք՝ ի հեճուկս մեր կարծրացած մենթալիտետային, արժեհամակարգային որոշ հատկանիշների։ Սա հատկապես վերաբերում է կրթական համակարգի թոփ մենեջերներին, այսպես կոչված՝ որոշումներ կայացնող ինստիտուտներին։ Ի վերջո, պե՞տք է ձևավորվի հայկական բրենդային դպրոց-համակարգը (այս հարցին կարող եք պատասխանել Դուք), և հաջորդ հարցը․ այն կարո՞ղ է ձևավորվել և պահանջվա՞ծ է։ Մեր պատասխանն է «այո»։  

Հիմքերի հիմքը միանշանակ կրթական համակարգում վերջապես իրական բարեփոխումներ կատարելն է, բայց ոչ խոսքով կամ թղթով, ինչի արդյունքում «բարեփոխում» բառը բազմիցս խեղաթյուրվել կամ վարկաբեկվել է։ Դրա համար պետք է օգտագործվեն համայն հայության աշխարհասփյուռ ռեսուրսները, գաղափարները, հաջողված լուծումները։
Bitschool-ը պատրաստ է այս ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու, այն է՝ ստանալ դպրոցահասակ, երազող ու հաղթող տեսակ կամ ինչպես մենք միշտ նշում ենք՝ ստարթափ սերունդ։

Եվ վերջում․․․

Սիրելի հայրենակից, «Հաղթելու ենք»  կարգախոսը ցանկալիից պետք է դարձնենք իրական՝ ամենօրյա, վստահելի, հավատալի, քայլ առ քայլ իրագործելի, չափելի եռանդով ու աշխատանքով, հստակ ճանապարհային քարտեզով և ամեն գործողության հետևում կանգնած վստահ, լավատես, հաղթող, պատասխանատու տեսակով։
Այդ աշխատանքը զգացմունքաշատ սոցհարթակներում և փողոցներում չպետք է արվի։ Դուրս գանք այդ տիրույթներից, զինվենք համբերությամբ, հպարտանանք մեր հերոսներով, ոգևորվենք նրանց քաջությամբ և պրոֆեսիոնալ իրագործենք մեր պարտականությունները։