fbpx

Վեբ ծրագրավորումը 0-ից (HTML ԵՎ CSS)

Դուք բոլորդ էլ օգտվում եք տարբեր կայքերից, լինի դա սոցիալական, ինֆորմացիոն կամ էլ ժամանցային։ Մենք միլիոնավոր տեղեկություններ ստանում ենք հենց կայքերի միջոցով։ Կայքը գոյություն ունի ի շնորհիվ վեբ ծրագրավորման։ Վերջինիս կարևոր բաղադրիչ մասերն են HTML-ը և CSS-ը։ HTML-ը նախատեսված է կայքի բովանդակության, նկարների և link-երի համար։ Իսկ CSS-ն ապահովում է կայքի դիզայնը, այսինքն՝ գույները, տառատեսակը և տարրի դիրքավորումը։ HTML և CSS-ը համարվում են վեբ ծրագրավորման սկիզբը։ Դուք չեք կարող կազմել բառեր առանց այբուբենն իմանալու, այնպես էլ դժվար է պատկերացնել վեբ ծրագրավորումն առանց HTML-ի և CSS-ի։ Եկե՛ք ծանոթանանք այս լեզուների առանձնահատկություններին և հասկանանք, թե ինչու սովորել HTML և CSS:

1. HTML և CSS սովորելը չի պահանջում ծրագրավորման որևէ նախնական գիտելիքներ

Այն, ինչն առաջինն է, միշտ էլ ավելի պարզ է։ HTML-ը և CSS-ը հանդիսանում են  բավականին հեշտ լեզուներ, որոնց յուրացման համար չեն պահանջվում ծրագրավորումից որևէ նախնական գիտելիքներ։ Դուք պետք է պարզապես տիրապետեք համակարգչից օգտվելու տարրական գիտելիքներին։

Ավելին, ծանոթանալով այս լեզուների հիմնական սկզբունքներին, դուք շատ հեշտությամբ կարող եք ստեղծել ձեր առաջին հասարակ վեբ էջը: Իհարկե, սկզբում ձեր ստեղծած էջը չի լինի ձեր պատկերացրած 💣-ը, սակայն ձեր այդ փոքրիկ աշխատանքը կոգեշնչի ձեզ շարունակելու ձեր վեբ ծրագրավորման հետաքրքիր ուղին։

2. Դրանք հեշտացնում են մուտքը դեպի ծրագրավորման աշխարհ և օգնում յուրացնել մյուս ծրագրավորման տեխնոլոգիաները ավելի արագ։

Եթե տիրապետեք HTML-ին և CSS-ին, ապա հեշտությամբ կարող եք սովորել մյուս ծրագրավորման լեզուները, ինչպիսիք են JavaScript, Python և այլն։ Պարզ է, որ կայքը պատրաստելու համար բավական չէ տիրապետել միայն HTML-ին և CSS-ին, քանի որ դրանք ուղղակի կստեղծեն ստատիկ էջ, որտեղ կա գեղեցիկ դիզայն, նկարներ և տեքստ։ Իսկ երբ օգտատերը ցանկանում է մտնել կայք, ապա պահանաջվում է նաև JavaScript-ի իմացություն։

Ինչպես շախմատում սկզբում քայլում են զինվորները, այնուհետև մնացած կարևոր խաղացողները, նույն կերպ սկզբում պարտադիր է իմանալ այս երկու լեզուները, որպեսզի շատ ավելի հեշտ լինի գնալ դեպի բարդը և խորանալ վեբ ծրագրավորման մեջ։

3.  Դրանք տալիս են էջը եզակի դարձնելու բազմաթիվ հնարավորություններ

Դուք միշտ էլ կարող եք օգտագործել վեբի տարբեր ձևանմուշներ ձեր կայքի համար, սակայն եթե ցանկանում եք տարբերվել և ստեղծել ձեր կայքի կրեատիվ տեսքը, ապա սովորե՛ք HTML և CSS։ Դրանք կօգնեն ձեզ փոփոխել բլոգի կամ էլեկտրոնային փոստի ֆորմատը՝ հաշվի առնելով ձեր նախասիրությունները։ Ձեր յուրաքանչյուրի մտքերը կարող են ստեղծել եզակին և տարբերվողը։ HTML և CSS-ը կօգնի ձեզ լինել բոլորից տարբերվող։ 

Մի պահ պատկերացրե՛ք ձեր սիրելի կայքը։ Դուք կարող եք հավանել կայքը իր տարբերվող դիզայնի, տեքստի և հարմարավետության համար։ Եվ այս ամենն ի շնորհիվ HTML և CSS-ի։ Այս լեզուները նման են մարդուն։ HTML-ը մարդու բնավորությունն է, իսկ CSS-ն՝ արտաքինը։ Այսպես պատկերացնելով՝ ամեն բան պարզ է դառնում։

Մեկնաբանություններ